Մանկության օրեր

Միքայել Նալբանդյան (1829–1866)

Մանկությա՜ն օրեր, երազի նմանԱնցաք գնացիք, այլ չեք դառնալու․Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․Ընդունակ միայն ուրախացնելու։

Ձեզանից հետո եկավ գիտությունՅուր ծանր հայացքով աշխարհի վերա,Ամեն բան ընկավ մտածության տակ,Րոպե չմնաց ազատ կամ ունայն։

Գիտակցությունը հաջորդեց սորան․Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․Որպես փարատիչ տրտում ցավերիս։

Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեցՆույնպես լալագին, նույնպես վշտահար,Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․Ուրախացուցիչ չգտա մի լար։

Ես այն ժամանակ միայն զգացի,Որ այդ ցավերից ազատվելու չեմ,Որչափ իմ ազգս կը մնա ստրուկՕտարների ձեռք, անխոս, տխրադեմ։

Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտԹռաք գնացիք, անդարձ հավիտյան․Ես այն ժամանակ անհոգ ու ազատԿարծում էի ինձ աշխարհի իշխան։

Գերության շղթան ինձ զգալի չէր,Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․Ձեզանից հետո ծանրացան նոքա,Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։

Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ էԶոհ բերել կյանքը սիրած աղջկան։

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակԱռանց քնարի, անզարդ խոսքերով․Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,Խավարի ընդդեմ պատերազմելով։

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։

Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,Յուր եռոտանու վերա փրփրի․Թո՛ղ միջին դարու գաղափարներովԱմբոխը խաբել ճգնի աշխատի։

Թո՛ղ նա թարգմանե զրպարտությունը,Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,Մենք ազատության ենք միայն թարգման,Միայն այս խոսքս ունինք բերանում։

«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։