Բյուրեղի դյութանք
Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,կ’օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:
Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:
Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,յոթը գույնի տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,և արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:
Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…շափյուղակնե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամփան:
Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:
Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագինսիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին…: