Իրիկունս
Բանաստեղծ Վահրամ Թաթուլին
Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռ ու հոտևան,Ոսկի ուղ մը` կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան:Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար.Արևին պերճ լույսին համար` որ կը փաղփի քրքմանըկարՄեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն`Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն:Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի,Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի:Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ’է վերադարձած,Ու ջրցայտքն ալ` փսփսուքն է բարեկամիս` մըտերմասաց:Սյուքն աղջընակ` որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան.Ու ջըրցայտքն` որ լաջակ կըլլա նարկիսներու գլխուն դեղձան,Կամ արտասուք` աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցանՈւ քաղցրությամբ կ’օծե մենիկ ծաղիկներու այդ լըռարան:Ու թերթիկներ` շահարիկի շընորհք` կ’իյան ափերուս մեջ,Բաց ափերուս` որ կ’երկարին լույսի խուրձին փողփողենէջ:Ահա՜ կ’անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ’ալ զերթ ալիք.Զարմանուհի մ’է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք…Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ…Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ…